Օսկար Ուայլդ

Posted: January 16, 2013 in Գրականություն

oscar_wilde1

,,Դատաստանի տունը,,

Եվ լռություն էր տիրում Դատաստանի Տանը , և Մարդը մերկ կանգնեց Աստծո առջև:
Եվ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը:

Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և անողորմ ես եղել նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք են ունեցել, և թշվառների հանդեպ քարսիրտ ես եղել ու դաժան: Աղքատները դիմում էին քեզ, և դու չէիր լսում, և քո ականջները փակ էին Իմ տառապյալների կանչերի հանդեպ: Յուրացնում էիր ծնողազուրկների ժառանգությունը և հարևանիդ խաղողի այգիները աղվեսներ էիր բաց թողնում: Խլում էիր երեխաների հացը և տալիս շներին: Եվ Իմ բորոտներին, որ ապրում էին ճահճուտներում խաղաղ ու հանգիստ և փառաբանում էին Ինձ, քշում էիր դեպի բանուկ ճանապարհները: Եվ Իմ երկրի վրա, որից դուրս եմ քեզ ստեղծել, դու անմեղ արյուն էիր հեղում»:
Եվ մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ դարձյալ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և հետամուտ էիր Գեղեցկությանը, որ ես ցուցանել եմ, իսկ Բարին, որ ծածուկ եմ պահել, անտեսում էիր: Քո տան պատերին կուռքերի պատկերներ էին նկարված, և նողկանքների քո անկողնուց ելնում էիր սրինգների հնչյունի ներքո: Յոթ զոհասեղան ես կառուցել այն մեղքերի համար, որոնց դիմակայելով տառապել եմ ես: Եվ ուտում էիր այն, ինչ չպիտի ուտեիր, և քո զգեստի ծիրանին նախշազարդված էր ամոթի երեք նշաններով: Քո կուռքերը ոսկուց կամ արծաթից չէին, որ երկար են մնում, այլ մարմնեղեն էին և մահկանացու: Դու բուրավետ հեղուկով օծում էիր նրանց մազերը և նուռ էիր դնում նրանց ձեռքերի մեջ: Քրքումով էիր օծում նրանց ոտքերը և գորգեր էիր փռում նրանց առջև: Ծարիր էիր քսում նրանց կոպերին և նրանց մարմիններն օծում խեժ ու զմուռսով: Խոնարհվում էիր նրանց առջև ու երկրպագում, և քո կուռքերի գահերը դրված էին արևի դեմ: Դու ցուցանում էիր արևին քո ամոթը և լուսնին՝ քո խելագարությունը»:
Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ մի երրորդ անգամ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը: Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և չարով ես հատուցել բարուն և բարի գործերը՝ չարագործությամբ: Խոցել ես քեզ կերակրող ձեռքերը և արհամարհել քեզ սնուցող ստինքները: Ով քեզ համար ջուր էր բերում, ծարավ էր հեռանում քեզնից, և օրենքից դուրս գտնվող անձանց, ովքեր պատսպարում էին քեզ իրենց վրաններում, մատնում էիր՝ դեռ լույսը չբացված: Թշնամուդ, որ խնայում էր քեզ, որոգայթն էիր գցում, և քեզ հետ քայլող բարեկամիդ շահով վաճառում էիր: Ովքեր քեզ Սեր էին բերում, փոխարենը միշտ Կիրք էին ստանում քեզնից»:
Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ փակեց Աստված Մարդու Կյանքի Գիրքը և ասաց. «Անկասկած, Դժոխք եմ քեզ ուղարկելու: Հիրավի, Դժոխք եմ ուղարկելու քեզ»:
Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Ինչո՞ւ չեմ կարող քեզ Դժոխք ուղարկել, և ի՞նչ պատճառով»:
«Որովհետև Դժոխքում եմ մշտապես ապրել»,- պատասխանեց Մարդը:
Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը:
Եվ տևական ժամանակ անց խոսեց Աստված և ասաց Մարդուն. «Քանի որ քեզ Դժոխք չեմ ուղարկելու, հարկավ Դրախտ պիտի ուղարկեմ: Հիրավի, Դրախտ եմ ուղարկելու քեզ»:
Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»:
Եվ ասաց Աստված Մարդուն. Ինչո՞ւ չեմ կարող քեզ Դրախտ ուղարկել, և ի՞նչ պատճառով»:
«Որովհետև երբեք և ոչ մի տեղ՝ ես չեմ կարողացել պատկերացնել դա»,- պատասխանեց Մարդը:
Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s