Վիլյամ Սարոյան

Posted: January 16, 2013 in Գրականություն

ARAM_SAROYAN

,,Ճառ մարդկային քթի մասին,,

Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին:

-Դե,- ասաց նա,- մենք ի՞նչ սովորեցինք:

-Որ աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,- ասաց Հոմերը:

Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ:

-Ուրիշ ի՞նչ,- հարցրեց նա:

-Այն, որ քթերը ոչ միայն շնչելու եւ մրսելու համար են, այլ նաեւ հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար:

Միսս Հիքսը Հոմերից շրջվեց եւ ասաց.

-Մի ուրիշը թող ասի: Ըստ երեւույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել:

-Գրքում է գրված, այդպես չէ՞,- ասաց Հոմերը,- հապա ինչու՞ են գրել, պետք է, որ կարեւոր լինի:

-Միստր Մաքոլի, գուցե դուք ուզում եք քթերի մասին հանպատրաստից ճա՞ռ արտասանել,-ասաց միսս Հիքսը:

-Լավ,- ասաց Հոմերը,- գուցե ոչ իսկական ճառ, բայց հին պատմությունը մեզ մի բան սովորեցնում է,- դանդաղ, առանց անհրաժեշտության բառերը շեշտելով, նա շարունակեց,- մարդիկ միշտ քիթ են ունեցել. այդ ապացուցելու համար բավական է, որ դասարանում գտնվող յուրաքանչյուր ոք նայի մյուսներին,- նայեց շուրջը,-ամեն տեղ քիթ:
Նա մի պահ կանգ առավ, որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի է ասել, ապա շարունակեց,- քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է: Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, եւ հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետեւ նրանց քթերը շատ մեծ էին եւ կեռ: Կարեւոր չէ, թե ո՞վ հնարեց արեւի ժամացույցը, որովհետեւ վաղ թե ուշ որեւէ մեկը հնարելու էր: Կարեւորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը:

Կատակաբան Ջոն լսում էր մեծ հետաքրքրությամբ, նույնիսկ նախանձով: Հոմերը շարունակեց.

-Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ, շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով: Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու եւ անթույլատրելի տեղեր մտցնելու համար: Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ: Դռներ են փակվել քթերի վրա, եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների եւ նույնիսկ պատեֆոնների մեջ: Քիթը անշարժ է, ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում՝ տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է: Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի եւ արարքների վրա:

Նա շրջվեց եւ նայեց Հյուբերդ Էքլի երրորդին եւ ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքեւ էր թեքվել:

– Այդ մադիկ սովորաբար իրենց քթերը երկինք են տնկում՝ կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել: Բազմաթիվ կենդանիներ ռունգեր ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով: Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ, ունեն, բայց խելք՝ ոչ:

Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց եւ որոշեց եզրափակել ճառը:

-Քթի մասին ամենակարեւորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնում, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ: Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ:

Հին պատմության ուսուցչուհին թեեւ գոհ էր այս աննշան թեմայի շուրջ արտասանված երեւակայությամբ հարուստ ճառից, բայց չէր կարող թույլ տալ, որ հռետորական արվեստը խանգարեր դասարանին կարգ ու կանոնը:

-Միստր Մաքոլի դասերից հետո կմնաք դասարանում,- ասաց նա, -ինչպես նաեւ դուք միստր Էքլի: Քանի որ մենք վճռեցինք քթերի հարցը, այժմ մեկ ուրիշը թող արտահայտվի մեր կարդացածի մասին:

Ոչ ոք չխոսեց:

-Դե՜, դե՜,- ասաց միսս Հիքսը,- մի ուրիշը թող արտահայտվի, որեւէ մեկը:

Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը:

-Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ: Այս դասարանը մեռած է,եւ շատ հավանաբար նաեւ Դուք:

-Ուրիշ խոսող չկա՞,- հարցրեց միսս Հիքսը:

-Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,- ասաց մի աղջիկ:

-Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,- ասաց Ջոն:

-Քիթը երբեք գլխի ետեւի մասում չի լինում,- ասաց Ջոյի երկրպագուներից մեկը:

-Ուրիշը՞,- ասաց միսս Հիքսը եւ դառնալով մի տղայի, տվեց անունը,- Հենրի, դու ի՞նչ կասես:

-Քթի մասին ես ոչինչ չգիտեմ,- ասաց Հենրին:

Ջոն դարձավ Հենրիին:

-Ինչպե՞ս թե,- զարմացավ նա,-իսկ ո՞վ էր Մովսեսը:

-Մովսեսը աստվածաշնչում էր,- ասաց Հենրին:

– Նա քիթ ունե՞ր,- հարցրեց Ջոն:

-Իհարկե, ուներ,-պատասխանեց Հենրին:

-Շատ լավ, ուրեմն ինչու՞ չես ասում. «Մովսեսը մի քիթ ուներ, այ այսպիսի մի ահագին քիթ»,- ասաց Ջոն,- սա հին պատմության դաս է, ինչու՞ չես փորձում մի որեւէ բան սովորել: Մովսես-քթի դեզ, հնություն-պատմություն: Հասկացա՞ր:

Հենրին փորձեց հասկանալ:

-Մովսես, քթի դեզ,- ասաց նա,- ոչ, սպասի՛ր, Մովսեսի քիթը մեծ քիթ էր:

-Է՜, – ասաց Ջոն,- դու երբեք ոչինչ չես սովորի: Դու պիտի մեռնես անկելանոցում: Մովսեսը մի մեծ քիթ ուներ, մի ահագին քիթ, շատ քթերի պես: Հենրի այդ շատ պարզ բանը պետք է հասկանաս: Այժմ մտածիր այդ մասին:

-Բավական է, թողեք այդ,-ասաց Միսս Հիքսը,-ուրի՞շ:

-Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,- ասաց Ջոն,- բայց միայն քիթն է վազում:

-Միսս Հիքս,- ասաց Հոմերը,- դուք պետք է թույլ տաք ինձ մասնակցել երկու հարյուր քսան յաչդ արգելավազքին:

-Ինձ որեւէ վազքի մրցում չի հետաքրքրում,- ասաց միսս Հիքսը,- ուրիշ խոսող չկա՞:

-Բայց միսս Հիքս,- ասաց Հոմերը,- մի՞թե ես այս քնած դասարանին Ձեր փոխարեն կյանք չներշնչեցի: Մի՞թե ես նրանց չստիպեցի, որ խոսեն քթի մասին:

-Դա նյութից դուրս է,- ասաց հին պատմության դասատուն,-ուրի՞շ:

Բայց արդեն ուշ էր: Զանգը հնչեց: Բոլորը վեր կացան եւ ուղղվեցին դեպի մարզադաշտ, բացի Հոմեր Մաքոլիից եւ Հյուբերդ Էքլի երրորդից:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s