Նաիրի Զարյան

Posted: November 13, 2012 in Uncategorized

,,Երկու հանճարեղ գլուխ,,

Վառվում է վիթխարի մի մայրամուտ
Հեռու հորիզոնից մինչև անտառ.
Խոնարհ թեքվում էին մի թեթև քամուց
Եղևնիները սեգ, վեհակատար:Պարում էին ճկուն ճյուղ ու տերև
Իրիկնային քամու նվագի տակ:
Միայն կաղնին կանգնած էր աներեր՝
Գլուխն անշարժ և իրանով շիտակ:

Եվ այդ պահին այդ անտառի մոտով
Դանդաղաճեմ նրանք անցնում էին.
Ոսկեզօծված անհուն մայրամուտով,
Իրենց հանճարներով արևային:

Մեկը բարձրահասակ և գեղիրան՝
Որպես նոճին արքայական այգու,
Մյուսը վայրի, կոպիտ կաղնու նման՝
Խռիվ գանգուրներով և ահարկու:

Մեկը մարմնով, հոգով ծանրազարդված
Շքանշաններով իրեն դարի,
Վսեմ, որպես օլիմպիական աստված,
Տիպար հզորության ու հանճարի:

Իսկ մյուսը պարզ, անշուք ու գլխաբաց,
Կրծքի վրա և ոչ մի ժապավեն.
Ծովածավալ հոգուն ոչ մի կապանք՝
Ճանապարհով քայլում էր վեհորեն:

Մեկը նայում էր լայն շրջապատին
Ու նշմարում ամեն հակասություն,
Որսում ամեն ժպիտ, փառք ու պատիվ,
Կուռքերն էր տապալում և աղոթում:

Մյուսը խորասուզված իր խոհերում՝
Չէր նկատում կյանքի «չարն ու բարին»,
Հուժկու իր աչքերով չէր նշմարում
Մանրուքն առօրեական ճանապարհին:

Հայացքը լեռներին արևաներկ՝
Նա պատմության քայլերն էր սոսկ լսում,
Որոնք դարձան հուժկու սիմֆոնիաներ
Նրա հոգու հուզված օվկիանոսում:

Դրանք էին Գյոթեն ու Բեթհովենը,
Խոսքի արքան ու հնչյունի արքան,
Որ զբոսնում էին դանդաղորեն
Որսի անտառներում արքայական:

Երգի, իմաստության երկու պետեր՝
Նրանք վիճում էին մեղմ ու հանդարտ,
Մերթ մռայլվում, մերթ ծիծաղում թեթև՝
Քրքրելով կյանքի կծիկը բարդ:

Եվ երազում էին երկու արքան՝
Մարդու, կյանքի և ապագայի մասին,
Ծաղրում կարգերը հին ֆեոդալական,
Գիտությունները կեղծ, խավարածին:

Ծաղրում էին նրանք և՛ հոգևոր
Ե՛վ աշխարհիկ ապուշ արքաներին,
Որոնք որպես դևեր խավարամոլ
Կյանքի ելքերը լույս՝ փակել էին:

Ծաղրում էին կեղծիքը, ճորտությունն
Ու շողոքորթությունն իրենց դարի
Եվ այն մարդկանց, որոնք իրենց լեզուն
Շինել էին սրբիչ գարշապարի:

Որոնք հացից՝ ազնիվ գործով առած,
Գերադասում էին ձրի ոսկոր.
Հեզ կատուներ տխմար տիրոջ առաջ,
Իսկ արտաքուշտ՝ վագրեր ամպագորգոռ:

Նրանք խոսում էին՝ հոգեկորով,
Հպարտ, ինքնավայել մարդու մասին,
Ու իր ազնիվ բազկով, իր հանճարով
Տիրում էր իր փառքին և իր հացին:

Որ պիտի գար, քայլեր այս անտառում,
Կյանքում հավերժական այս արևի տակ՝
Առանց ապուշներին գլուխ տալու,
Հոգով ազատ և իրանով շիտակ:

Որ խոնարհվեր հիացմունքով հպարտ
Միայն հանճարների փայլի առաջ,
Անցներ առանց վախի. ճակատը պարզ,
Չզգար հոգում ստորության արատ:

Երկու մրրկահույզ երազողներ՝
Նրանք անցել էին եզր ու սահման,
Խոհերն անհուն իրար էին խառնել
Երկու ծովի կամ երկնքի նման:

Վառվում էր հորիզոնն արևաներկ
Նրանց հոգում նման լուսաբացին…
Թվում էր կյանքը հանճարեղ մի երգ՝
Մահվան, կյանքի, ապագայի մասին:

Անցնում էին նրանք, երկու տիտան
Արքայական որսի ճամփաներով,
Հպարտ իրենց անխառն ընկերությամբ
Ու երջանիկ իրենց վսեմ սիրով:

Եվ նոճիները հեզ ու հնազանդ՝
Ուժեղացող քամուց թեքվում էին.
Միայն կաղնին խշշում էր անսասան
Կռվի, հպարտության իր երգը հին:

Եվ այդ պահին հանկարծակի լսվեց
Նժույգների խրխինջ, շների հաչ,
Եվ արձագանք տվին անտառի մեջ
Հրացանի զարկերը հողմաշաչ:

Արքան էր այդ վերադառնում որսից
Իր արքունի փայլուն շքախմբով,
Ծառս էր լինում նրա ահավոր ձին
Եվ արշավում արքայական ճամփով:

Այն ժամանակ Գյոթեն՝ խոսքի արքան,
Ճանապարհից ելավ ակնածանքով,
Կանգնեց հեռու, որպես վսեմ արձան՝
Խոնարհելով գլուխը գանգրաթով:

Եվ սպասեց այդպես նա գլխահակ,
Ինչպես վայել էր հեզ հպատակին,
Մինչև անցավ իշխողն այս ստահակ՝
Գոռոզության կնճիռը ճակատին:

Իսկ Բեթհովենն ինքնավայել ու լուռ,
Դանդաղ շարունակեց իր ճամփան,
Մինչև անգամ առանց մտիկ տալու
Մեծաժխոր երթին արքայական:

Եվ երբ վերջին ձիավորներն անցան
Ու փարատվեց նրանց փոշին օդում,
Կանգնեց հզոր հնչյունների արքան
Որպես կաղնի, տիտանաբար տրտում:

Ու գլխահակ այդպես մնաց կանգնած,
Մինչև հասավ Գյոթեն մռայլ ու հեզ,
Իրար հանդիպեցին երկու հայացք
Երկու կայծակնալից ամպերի պես:

-Ինչպե՞ս չամաչեցի՛ր,-գոչեց ահեղ
Հնչյունների արքան արդեն սառած,-
Որ թեքեցիր գլուխդ հանճարեղ
Այն թագակիր տխմար գլխի առաջ:

Ու լռություն տիրեց այնուհետև,
Երկարատև, դաժան մի լռություն,
Մի լռություն, որ կտիրեր, եթե
Հանկարծ անէանար անտառն արթուն:

Խոր նայեցին նրանք իրար մի պահ,
Որպես երկու վշտաքանդակ արձան,
Ոչ ոք չարտասանեց էլ ոչ մի բառ,
Եվ ծանրաճեմ քաղաք վերադարձան:

Իսկ անտառում մարում էր մայրամուտը
Նման հանգչող սիրո գունատ բոցին:
Խոնարհ թեքվում էին գոռոզ քամուց
Եղևնիներն ու գեղիրան նոճին:

Հեծում էին անհույս ուռենիներ,
Պարում էր սոսկահար խարտյաշ հացին,
Միայն կաղնին խշշում էր խուլ՝ մի երգ
Գալիք հպարտ սերունդների մասին…

Advertisements
Comments
  1. elpoghosyan says:

    Այս դեպքում Գյոթեն համեմատվւմ է ծառերին ու ճյուղերին,որոնք պարում էին իրիկնային քամու նվագի տակ:Երկու հանճարեղ գլուխներ, երկու հանճարեղ կերպարներ,որ փոթորիկի պես բողոքական էին ու աղմկոտ,բայց նրանցից միայն մեկին հաջովեց հպարտ, անսասն, աներեր ու անխոնարհ մնալ` ինչպես կաղնին: Երկու հզոր գլուխները` խոսքի և հնչյունի արքաներն էին: Նրանք քրքրում եին կյանքի կծիկը: Ծաղրում կարգերը հին ֆեոդալական, գիտությունները կեղծ խավարածին: Ծաղրում էին նրանք հոգևոր ու աշխարհիկ ապուշ արքաներին: Կարծում էին, որ նրանք խավարամոլ դևեր են, որ փակել են կյանքի լույսը: Հանճարները ծաղրում էին ճորտերին, կեղծիքն ու շողոքորթությունը: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք ծաղրում էին այն մարդկանց, որ իրենց լեզուն սրբիչ էին դարձրել գարշապարին: Նրանք խոսում էին հպարտ, հոգոկորով և ինքնավայել մարդկանց մասին, որոնք իրենց ազնիվ բազկով ու հանճարով տիրել էին փառքին: Անընդմեջ Խոսում ու քննադատում էին քծնող ու կեղծավոր կերպարներին: Սկուզբունքային էր միայն ազնիվ հանճարներին գլուխ խոնարհելու հարցը: Երկու մրրկահույզ երազողներ էին, որ անցել էին եզր ու սահման: Վսեմ ու հպարտ անխառն կերպարներ էին: Անընդմեջ խոսում քննադատում ու իրենց վսեմ գաղափարնեով էին տարված երկու հանճարները: Հանկարծ լսվեց ձիերի խրխինջ: Արքան էր վերադառնում որսից: Այդ ժամ Գյոթեն կանգնեց գլխահակ ինչպես վայել է հպատակին,որոնց ինքն էր ստորակարգ համարում ու ծաղրում: Իսկ Բեթհովենը գոռոզության կնճիռը ճակատին շարունակեց իր ճանապարհն` ասես ոչինչ ու ոչմեկ էլ չկար: Ինչպես չամաչեցիր ասաց հնչյունների ահեղ արքան Գյոթոին, որ թույլ մի ճյուղի նման օրորվեց ամենաթույլ աշնան քամուց: Անտառում մարում էր մայրամուտը, ինչպես Գյոթեն, իսկ Բարդին հպարտ հայացքը հառել էր դեպի հեռուն ու աներեր էր` ինչպես հնչյունի արքան:
    Այս դեպքում ներկայացվում է մեկ դիմակի ներքո հանդես եկող երկու հանճարեղ գլուխներին,որոնցից իրականում միայն մեկինն էր այս կերպարը: Կերպարներ, որ մինչ օրս արդիական են ու գոյություն ունեն: Ցավոք քիչ են Բեթհովենյան կերպարները: Երկու հանճարների կերպարների մերկացում,որն ունի մեծ ինտրիգ: Այստեղ Զարյանը հատուկ շեշտադրում է մարդկաըին բնավորության շատ հաճախ հանդիպող երկու տեսակներ: Համեմատականներ, որ տարվում են երկու հանճարեղ, բայց և միևնույն ժամանակ չափազանց տարբեր էությունների միջև: Զարյաննն իր բանաստեղծության մեջ արծածել է այնպիսի մի թեմա,որ մարդկության գոյության ողջ ընթացքեւմ հետապնդում է մարդկանց: Զարյանն անդրադարձել է մարդկային տեսակի խնդրին: Մարդիկ,որ կայուն են հասատակամ, արժանապատիվ ու իրենց մեջ գտել են հենց իրենց տեսակն ու առանձնահատկությունները: Ինչպես նաև մարդիկ, որ աշնան տերևի նման պարում են ցանկացաց` անգամ ամենամեղմ քամուց:
    Երկու հանճարեղ գլուխներ, որ քրքրում էին կյանքի կծիկն ու փորձում էին ինչ ոչ բան փոխել,գիտակցում էին, որ ինչ որ մի բան իսկզբանե սխալ է,բաըց և այնպես նրանցից միաըն մեկն էր հավատարիմ իր սկզբունքներին և, որ ամենակարևուրն է միայն մեկը հանդգնեց ,,արհամարհել,, ու արտահայտել իր բողոքը: իվերջո միայն մեկին հաջողվեց չլինել այն տեսակի , որոնց հենց իրենք էին ծաղրում:
    Մենք հաճախ անում են այն ինչ քննադատում են հենց մենք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s